Լեսթերի համալսարանի գիտնականներն աֆրիկյան մի ծառի խեժի բաղադրության մեջ հայտնաբերել են արդյունավետ դեղամիջոց, որը կօգնի բուժել ձվարանների քաղցկեղը: Գիտնականները նշում են, որ խեժի մեջ հայտնաբերված AKBA քիմիական միացությունն օժտված է քաղցկեղի բուժմանը նպաստող հատկություններով:
Այդ խեժը՝ խունկը, հայտնի է իր հակաբորբոքային հատկություններով և օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ ասթմայի, մաշկային հիվանդությունների և գաստրոէնտերիտի բուժման համար:
Նախորդ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ AKBA-ն շատ արդյունավետ միջոց է քաղցկեղի շատ տեսակների (հաստ աղիքի, կրծքագեղձի, շագանակագեղձի քաղցկեղ) բուժման համար, սակայն սա առաջին ուսումնասիրությունն է, որը կոչված է ապացուցելու ձվարանների քաղցկեղի դեմ այս եթերայուղի արդյունավետությունը:
Ձվարանների քաղցկեղը վաղ փուլերում հայտնաբերելը բավականին բարդ է, ինչի հետևանքով էլ այն շատ ավելի վտանգավոր է, քան քաղցկեղի մյուս տեսակները: Սակայն գիտնականների հավաստմամբ՝ նոր հայտնաբերված միացությունը պայքարում է ձվարանների քաղցկեղի բջիջների դեմ նույնիսկ հիվանդության վերջին փուլում:
Ուսումնասիրությունն իրականացնող գիտնականներից մեկը՝ Քամլա Ալ-Սալմանին նշում է, որ իրենց հաջողվել է ապացուցել այս միացության արդյունավետությունը: Ընդ որում՝ խունկը բնական նյութ է և չի առաջացնում ոչ մի կողմնակի բարդություն: Ալ-Սալմանիի խոսքով՝ իրենք կարող են արդեն սկսել կլինիկական փորձարկումները, որոնց հաջող ավարտը թույլ կտա կիրառել ձվարանների քաղցկեղի բուժման նոր այլընտրանքային տարբերակը նաև գործանակում:
Մեկ այլ մասնագետի՝ բժիշկ Մարկ Էվանսի խոսքով՝ զարմանալին այն է, որ թեստավորման համար ընտրված քաղցկեղի բջիջները կայուն էին քիմիաթերապիայի հանդեպ, սակայն զգայուն էին այս նոր միացության հանդեպ: Սա ենթադրում է, որ խունկն իսկապես կարող է օգնել բուժել քաղցկեղը և նվազեցնել մահացության մակարդակը: