Անպայման կարդալու շարքից․․․․․ Մոտ 10-12 տարեկան էի։ Մի օր Հայրս ասեց՝ գնանք ընկերոջս տեսնելու, ու ինձ տարավ բոլորիս կողմից հայտնի <<քռչի շուկան>>

ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ

Նարեկ Բեկթաշյանի էջից ✍

Մոտ 10-12 տարեկան էի։ Մի օր Հայրս ասեց՝ գնանք ընկերոջս տեսնելու, ու ինձ տարավ բոլորիս կողմից հայտնի <<քռչի շուկան>>։

Անկեղծ ասած շատ զարմացա, քանի որ ինքը բարձր պաշտոնների ա եղել ու իրա շրջապատում ես միշտ ունևորների ու պաշտոնյաների եմ տեսել։ Ասեցի՝ Պապ, բա ինքը ստեղ ի՞նչ ա անում, ասեց՝ համ ապրում ա, համ աշխատում։ Խորացանք շուկայի մեջ, էնտեղ մեծ աղբակույտ կար, դրա կողքին՝ թիթեղից փոքր դոմիկ էր, մոտեցանք դոմիկին ու Պապան ձեն տվեց ընկերոջը։

Անկեղծ ասած ընկերոջ անունը չեմ հիշում։ Ընկերը դուրս եկավ, իրար տեսան ու պինդ փաթաթվեցին, էնքան պինդ, որ չնայած տարիքիս՝ հասկացա՝ էդ փաթաթվելու մեջ համ մեծ քաղցրություն կար, համ մեծ դառնություն։ Ընկերն արտաքինից շատ անշուք էր. նիհար, դոշի ոսկորները դուրս ցցած, անթրաշ, վատ հագուկապով, բայց հարուստ, շատ հարուստ ու շատ խորը աչքերով։ Սկսցին երկար-բարակ խոսել պատերազմական ընկերներից, հարցուփորձ արին, թե ո՞վ, ումի՞ց ա տեղյակ, հիշեցին լավ ու վատ օրերը, վերջում Հայրս իրա մոտից առևտուր արեց ու հեռացանք շուկայից։ Նախ ամենամեծ դասերից մեկը, որ էդ օրը ստացա, դա էն էր, որ բոլոր դեպքերում պիտի հիշես հասարակ ու ոչինչ չունեցող ընկերներիդ։

Իսկ երկրորդ դասն էն էր, որ ճանապարհին Պապան ասեց՝ գիտե՞ս, թե խի՞ եկանք ստեղ,, ասում եմ՝ չէ։ Ասեց՝ ինքը Շուշիի ազատագրման մասնակիցներից ա ու քանի տարի կռվել ա Ղարաբաղի ազատագրման համար։ Պատերազմի ժամանակ վիրավորվել ա, Ղարաբաղի ազատագրումից հետո չի կարողանում աշխատի, դրա համար էս օրին ա հասել։ Իսկ պետությունը թքած ունի իրա վրա։ Ասում ա՝ ես էլ ինձ թույլ չեմ տալիս իրան գումարով տամ, ստիպված գալիս իրա մոտից առևտուր եմ անում, որ էդպես օգնեմ։

Ինչպես ասում են, պատմությունը կրկնվելու սովորություն ունի։ Կանցնեն տարիներ, էս մեր վիրավոր երեխաները, ովքեր աշխատելու հնարավորություն էլ չեն ունենալու, վստահ եմ, որ նորից անտերության են մատնվելու։ Եթե հաղթած բանակի վիրավորները մատնվել են, ուր մնաց պարտվածինները չմատնվեն։ Ու իրենք ապրելու են մեր կողքին, երկար ու ձիգ դժբախտ ու անտեսված տարիներ։

Իմ անունից եմ բոլորիդ ասում, որ տարիներ հետո մեր ուշադրությունն էլ է քչանալու նրանց նկատմամբ, իսկ նրանք էլ ի վիճակի չեն լինելու գոռան՝ դուք ու ձեր պետությունն ապրում է մեր կորցրած ոտերի վրա, ձեր բոլորի ոտքերը նախ և առաջ մերն են, նոր ձերը, մենք վստահեցինք ձեզ, դուք անտեսում եք մեզ։

Իսկ եթե ասեն, բանի տեղ չենք էլ դնելու։ Ասածս ի՞նչ է, մեր կենդանի հոգիները նախ և առաջ զոհվածներինն են, նոր մերը, մեր առողջ ոտքերը նախ և առաջ ոտքերը կորցրած մարտիկներինն են, նոր մերը, էս պետությունը նախ և առաջ իրենցն է, նոր պաշտոնյաներինը։

Բայց ինչքան էլ ասենք, մեկ է, շատ մոտ ապագայում նրանք անցնելու են երկրորդ պլան ու ապրեն երկար ու ձիգ դժբախտ, անտեսված ու լքված կյանքով։

Оцените статью
error: Content is protected !!