«Մեր դուստրը հիմա էլ ձևացնում է, թե հեռախոսով խոսում է Ադամի հետ». Արցախում զոհված դերասան Ադամ Խալաթյանի կինն ու կնքահայրը` նրա մասին

ՇՈՈՒ-ԲԻԶՆԵՍ

Tert.am Life-ն արդեն հայտնել է, որ հոկտեմբերի 28-ին Արցախում զոհվել է երիտասարդ դերասան Ադամ Խալաթյանը: Կնոջ խոսքով` 27-ամյա դերասանին զինկոմիսարիատից զանգել էին` իմանալու Հայաստանո՞ւմ է, թե՞ ոչ, իսկ նա հենց հաջորդ օրը` սեպտոմբերի 28-ին, կամավոր շտապել է առաջնագիծ:

Tert.am Life-ը զրուցել է Ադանի կնոջ` Մերի Սարգսյանի և նրանց հարսանիքի կնքահոր` դերասան, ռեժիսոր Գուրգեն Սարգսյանի հետ:

Ադամի կինն ասաց, որ 9 տարի է, ինչ ինքն ու Ադամը ճանաչում են իրար, ամուսնացած են 3,5 տարի: Զույգը դուստր ունի` 1 տարեկան, 7 ամսական Էմիլին։ «Կարող եմ ասել` ավելի քան մեկ կյանք ենք ապրել միասին: Շատ զույգեր նույնիսկ 50 տարվա ընթացքում չեն ապրում այն, ինչ մենք ապրել ենք այս տարիների ընթացքում: Ադամը մեր դստեր` Էմիլիի հետ շատ կապված էր, ինձ օգնում էր խնամքի հարցում, նույնիսկ լողացնում էր երեխային: Ադամն անընդհատ պարում էր դստեր հետ, թրենդային շարժումներ սովորեցնում, իսկ Էմիլին արդեն կարողանում էր ասել` «Պապա»: Մեր դստեր անունն էլ է Ադամն ընտրել երեխայի ծնվելուց հետո»,- ասաց նա:

Ըստ Մերիի` Էմիլին մինչև հիմա էլ ձևացնում է, թե հեռախոսով խոսում է Ադամի հետ: «Իրենց վերջին հեռախոսազրույցը պարզ հիշում եմ. ձայնային զանգ էր, բայց Էմիլին ցույց էր տալիս տունը, դարակները, նոր խաղալիքները, կարծես տեսազանգ լիներ, ձեռքը բացել-փակելով կանչում էր հայրիկին: Ադամն այդ մեկ ամսվա ընթացքում ասում էր, որ քնած ժամանակ պետք է համբուրեմ երոխային իր փոխարեն, որ հեռախոսով լսի,- ասաց նա և հավելեց, որ վերջին անգամ Ադամի հետ խոսել է հոկտեմբերի 28 ին,- Ինձ հետ խոսելուց մի քանի ժամ հետո Ադամը զոհվել է: Ասացի` երեխային քնեցնելու ժամին զանգի, որ համբուրեմ մեր դստերը, որ սպասելու եմ նրա զանգին, բայց այդպես էլ չզանգեց»:

Մերին ընդգծեց` իր համար ամենացավալին այն է, որ Ադամի նպատակները կիսատ մնացին:
«Նա շատ էր սիրում բեմը, իր նպատակները հենց բեմի հետ էին կապված, շատ ներկայացումներ կային, որոնցում ուզում էր խաղալ: Ճիշտ է, եթերը նույնպես սիրում էր, բայց բեմն առավել: Վերջին նախագիծը, որում Ադամն ընդգրկված էր, «Վայ-վայ» ներկայացումն էր,- ասաց նա և վերհիշեց Ադամի ամենասիրելի խոսքերը,- Անընդհատ ասում էր` ապրի՛ր, չգիտես` վաղն ինչ է լինելու, շատ կենսուրախ էր: Կիրակի օրերն Ադամի համար հավաքույթների օրեր էին, կամ մեր տանն էինք հավաքվում ընկների հետ, կամ մեկ ուրիշի: Այնքան հումորասեր մարդ էր, բայց ինձ արգելում էր իր մոտ հումոր անել, ասում էր` ես լավ հումոր չունեմ: Հաշվում էր լավ հումորներս, որոնք հատել էին 70-ի սահմանը: Երբ վատ հումոր էի անում, այդ թվից հանում էր մեկը: Իր մասին ժպիտով ենք հիշում, որովհետև իր հետ էլ միշտ ժպտացել ենք»:

Ադամի ընկեր, հարսանիքի կնքահայր, դերասան Գուրգեն Սարգսյանը Tert.am Life-ի հետ զրույցում ասաց, որ ճանաչում է Ադամին արդեն 10 տարի: «Երկուսս էլ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտն ենք ավարտել: Կար մի ավանդույթ, երբ ավագ կուրսերի ուսանողները գնում էին ծանոթանալու նորեկների հետ: Գնացինք, ծանոթացանք ու այդ օրվանից ընկերներ ենք: Ադամն այն մարդկանցից էր, որ ուզում էի միշտ իմ կողքին լինել, աշխատում էի միշտ այնպես անել, որ կողքիս լինի, ինձ հետ աշխատի: Իր բոլոր նպատակները դերասանի մասնագիտության հետ էին կապված: Ես փորձեցի ռեժիսորի ուղղությամբ տանել նրան, Ելենա Արշակյանը նույնիսկ ցանկանում էր նոր նախագիծ առաջարկել Ադամին, բայց Ադամը չհամաձայնեց»,- պատմեց նա:

Դերասանը նշեց, որ Ադամը սիրում էր պատասխանատվությունն իր վրա վերցնել: «Ես հենց դրանից էլ վախենում էի, որ մարտի դաշտում էլ նույնը կլինի ու եղավ: Ամեն օր խոսում էի իր հետ, վերջին անգամ մահվանից մեկ օր առաջ խոսեցինք, ինձ խաբում էր, իբր, առաջնագծում չէ, երկրորդ գծում է,- ասաց նա և ընդգծեց, որ Ադամի հետ կապված ցանկացած հիշողություն ժպիտ է առաջացնում, որովհետև նա աշխարհի ամենաուրախ մարդկանցից էր,- Նկարահանումներից մեկի ժամանակ, երբ իմ օգնականն էր, ուղարկեցի սցենարի հետևից, որն ինձ պետք չէր ու բավականին հեռու էր: Անընդհատ կատակներ էինք անում, «ներվերն ուտում էի»»:

Оцените статью
error: Content is protected !!