Կիևի և Երևանի հարաբերությունները խորը վերաիմաստավորման կարիք ունեն

ԼՈՒՐԵՐ

Արցախյան պատերազմի այս օրերին հատկապես համացանցում և լրատվական միջոցներում տարածված ինֆորմացիայի ֆոնին հայ-ուկրաինական հարաբերությունները հերթական լարված փուլն են ապրում։ Հայաստանում հատկապես մեծ դժգոհություն հասունացավ Ուկրաինայի և Թուրքիայի միջև կնքված ռազմական համաձայնագրից հետո, որը ուկրաինացի շատ փորձագետների և պատգամավորների խոսքերով՝ պլանավորված էր շատ ավելի վաղ։

Ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան, analitikaua.net կայքի խմբագիր Մարատ Հակոբյանի կարծիքով՝ կնքված համաձայնագիրը երկկողմ բնույթ ունի և ուղղված չէ երրորդ պետության դեմ. «Եթե նկատի ունեք նոր ռազմական համաձայնագիրը, ապա նման համաձայնագիր Ուկրաինան կնքում է շատ երկրների հետ։ Օրինակ՝ սեպտեմբերին նման մի համաձայնագիր կնքվեց Ռումինիայի հետ: Դա անհրաժեշտ է ուկրաինական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար։ Եթե պաշտոնական Երևանը ձևավորի համապատասխան օրակարգ, ապա հնարավոր է նմանատիպ համաձայնագիր կնքել նաև Հայաստանի հետ, չէ՞ որ հարևան Վրաստանի հետ վաղուց գործում է նման համաձայնագիր»։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի հայերի գործողություններին, մեր զրուցակիցն ընդգծեց, որ պատերազմի առաջին օրերից սկսած Ուկրաինայի հայերի միությունը ձևավորել է հայրենիքին օգնություն տրամադրելու շտաբ. «Աշխատանքային խմբի մեջ են մտել Վիլեն Շատվորյանը, շրջանային հայկական համայնքների ղեկավարները, ինչպես նաև կամավորներ Հայաստանից։ Համայնքի կողմից հատկացվելիք օգնության չափերը չափազանց մեծ են, ես կասեի նաև՝ աննախադեպ»։

Հարցին, թե ընդհանրապես ինչպե՞ս է գնահատում պատերազմի այս օրերին Ուկրաինայի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ, Մարատ Հակոբյանն ասաց. «Ես կցանկանայի շեշտել մի կարևոր հանգամանք՝ Ուկրաինայի չեզոք դիրքորոշումը։ Մեր երկրի ղեկավարությունը հանդես է գալիս երկխոսության և հակամարտության դեէսկալացիայի օգտին, ինչպես նաև շեշտում է, որ Կիևը չի պատրաստվում ռազմական օգնություն ցույց տալ հակամարտող կողմերին։ Մոտալուտ խաղաղություն հաստատելու ցանկության մասին է արտահայտվել նաև Ուկրաինայի խորհրդարանականների մեծ մասը։ Ուկրաինական մամուլում ակտիվորեն լուսաբանվում են Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները։ Ընդհանուր առմամբ մեդիայի արձագանքը բալանսավորված է և ներկայացնում է բոլոր կողմերի տեսակետը»։

Հաջորդ հարցին՝ ինչո՞ւ հնարավոր չեղավ ստեղծել հայ-ուկրաինական այնպիսի հարաբերություններ, որպեսզի այսպիսի խնդիրների առաջ չկանգնենք, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ցավոք սրտի, մենք առայժմ ականատես չենք եղել երկկողմ դինամիկ հարաբերությունների օրակարգի հաստատմանը, որը կնպաստեր մեր երկրների պոտենցիալին։ Կիևի և Երևանի հարաբերությունները շատ խորը վերաիմաստավորման կարիք ունեն, և դրա համար անհրաժեշտ է քաղաքական գործիչների, սփյուռքի ու փորձագիտական հանրության կոնսոլիդացիա: Քաղաքական կամքի առկայության պայմաններում շատ ակտուալ խնդիրներ կարելի է լուծել մոտ ապագայում»:

Оцените статью
error: Content is protected !!