«Հյուսիսում՝ Թալիշում, հաջողվել ա: Մենք չենք խնդրելու զինադադար: Մենք պիտի՛ պարտադրենք զինադադար». Արայիկ Հարությունյան

ԼՈՒՐԵՐ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ քիչ առաջ հանդիպում է ունեցել կամավորական տղաների հետ: Նախագահը հայտնել է, որ զորքը հյուսիսային հատվածում հաջողություններ է գրանցել, ու հավաքվածներին պատմել է Հաթերքի գումարտակի հրամանատարի հետ իր զրույցի մասին, որում խոսել են նաև Մռավի սարերում տիրող իրավիճակի մասին:

«Ասում եմ՝ ի՞նչ կա, ինձ զեկուցում ա, կարծես սովորական զորավարժություն ա: Ասում ա՝ «դե, ամեն դիրքի վրա մի 100-ից ոչ պակաս հարձակվել են, դե, հիմնականում հետ ենք մղել, ամեն ինչ նորմալ ա, մի խումբ հեն ա ստեղ, հես ա էդ էլ հետ ենք մղում»: Զեկուցում ա՝ ոնց որ զորավարժություն: Չկա որևէ խուճապ: Ասում եմ՝ ինչո՞վ կարանք օգտակար լինենք, ասում ա՝ «մենք ապահովված ենք ամեն ինչով, պարոն նախագահ, հարցը լուծվելու ա շատ կարճ ժամկետում»: Եվ մեր բոլոր հրամանատարների զեկույցները նույն ձև ա:

Հյուսիսում՝ Թալիշում, հաջողվել ա: Ամենածանր մարտերը էնտեղ են ընթանում և հարավային ուղղությամբ: Ինչքան ուժ ունին, հեն ա նկարները ինտերնետում կա, երևի շատերը հասցրել եք նայեք, տանկերով գալիս են, խփում ենք՝ վառվում են, խփում ենք՝ վառվում են: Ո՛չ հաշվում ենք՝ քանի հատ ենք խփել, ո՛չ էլ հավես ունենք հաշվելու: Խփելու ենք էնքան, մինչև ուշքի գան»,- կամավորականներին ասել է Արցախի Հանրապետության նախագահը:

Արայիկ Հարությունյանը վստահեցրել է, որ պետք է գիտակցենք՝ մեր կյանքից կախված է մեր ապագան, մեր սերունդների ապագան, սերունդների՝ Արցախի հողում ապրելու իրավունքը ու արժանապատվությունը:

«Ուզում եմ՝ համոզված լինեք, որ կանգնած ենք մինչև վերջ: Ժողովուրդ, մենք չենք խնդրելու զինադադար: Սա պիտի բոլորս իմանանք: Մենք պիտի՛ պարտադրենք զինադադար: Եթե մենք խնդրենք զինադադար, դա լինելու է Հայաստանի վախճանը, ոչ թե Արցախի, որովհետև կռվում ենք ոչ թե Ադրբեջանի դեմ, դուք տեսնում եք, Թուրքիայի դեմ: Իսկ Թուրքիային հետաքրքիր չի Արցախը, Ջաբրաիլը, Լաչինը, Հորադիզը:

Թուրքիային հետաքրքիր է Հայաստան աշխարհը, ամբողջությամբ՝ իր պանթուրքիզմի ծրագրերն իրականացնելու առումով: Դրա համար բոլորս պիտի հասկանանք՝ մեր կյանքից, մեր քայլից, մեր ապրելու իրավունքից կախված է մեր ապագան: Առաջին հերթին՝ ապրելու իրավունքից: Եվ պիտի փորձենք ապրել»,- ասել է նախագահ Հարությունյանը:

Оцените статью
error: Content is protected !!