Որդիս ընդունում է, որ ինքը մեղավոր է եղել, պարզապես համաձայն չէ, որ վնասվածքները եղել են միջին ծանրության. Աղազարյան

ԼՈՒՐԵՐ

Դատական տեղեկատվական համակարգի կայքից տեղեկանում ենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդու՝ Իվան Աղազարյանի վթարի գործն ուղարկվել է դատարան։

Նշենք, որ Իվան Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2019 թվականի նոյեմբերի 5-ին` ժամը 13:30-ից 14:30 ընկած ժամանակահատվածում,

իրեն սեփականության իրավունքով պատկանող «Օպել» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Արցախի պողոտայում երթեւելելի գոտով 15-20 կմ/ժ արագությամբ կատարել է հետընթաց, որի ժամանակ թույլ է տվել ՃԵԿ 48-րդ կետի պահանջներին հակասող գործողություններ,

այն է` հետընթաց սկսելուց առաջ, չի համոզվել դրա կատարման անվտանգության, մասնավորապես` ավտոմեքենայի հետեւում առկա խոչընդոտի կամ վտանգի աղբյուրների բացակայության մեջ, չի դիմել այլ անձանց օգնությանը:

Հետընթացով անցնելով որոշակի տարածություն` ավտոմեքենայի հետեւի ձախ հատվածով վրաերթի է ենթարկել հետիոտն Ա.Կ.-ին ու անզգուշությամբ նրա առողջությանը պատճառել միջին ծանրության մարմնական վնաս:

Նրան մեղադրանք է առաջադրվել 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը սահմանում է պատիժ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը երկուհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

ArmDaily.am-ի հետ զրույցում պատգամավոր Հովիկ Աղազարյանն ասաց, որ քննությունն ավարտվել է և գործն ուղարկվել է դատարան.

«Գործընթացի հերթական փուլն է: Որևէ նոր հանգամանք ի հայտ չի եկել, քանի որ ամեն ինչ անմիջապես պարզ է եղել:

Այնտեղ տեղի է ունեցել փորձաքննություն, ըստ որի միջին մարմնական վնասվածքներ են հասցվել, ինչի հետ տղաս համաձայն չի եղել, բողոքարկել է, բայց բողոքարկման ընթացքում փորձաքննությունը նորից հաստատել է միջին ծանրության վնասվածքների պահը:

Քննչական մարմինը պետք է ավարտի իր աշխատանքները և ներկայացնի դատարան:

Իմ որդին ընդունում է, որ ինքը մեղավոր է եղել, պարզապես համաձայն չէ, որ վնասվածքները եղել են միջին ծանրության, ինչի համար լրացուցիչ փորձաքննություն է անցկացվել:

Երիտասարդ կին է եղել, ով փողոցն անցել է չթույլատրված հատվածով, իսկ այդ պահին իմ տղան մեքենայով հետընթաց շարժում է կատարել և ուշադրություն չի դարձրել, որ այդ չթույլատրված հատվածով ինչ որ մեկը կարող է անցնել»:

Оцените статью
error: Content is protected !!