«Վլադիմիր Գասպարյանն այդ մեղադրանքներին փիլիսոփայորեն է մոտենում»․ Պաշտպանը մանրամասնում է

ԼՈՒՐԵՐ

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքներն անհիմն ու անհեթեթ են, այդ մեղադրանքներին Գասպարյանը փիլիսոփայորեն է մոտենում։

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։

«Մեղադրանքներ են մի բանի համար, որ պետք է պարգեւատրվեն։ Իրավաբանության հետ աղերս չունեցող բաներ են։ Վլադիմիր Գասպարյանն առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում չի արել։ Այդ գույքերը կան եւ ամեն ինչը կատարվել է բաց կերպով։

Վլադիմիր Գասպարյանն այդ մեղադրանքներին փիլիսոփայորեն է մոտենում»,- ասաց պաշտպանը։

Աթանեսյանն ասաց, որ երկար քննություն է ընթացել, գործի հիմքում վկայություններ չկան, սակայն կան փաստեր, որոնք պաշտպանական կողմը չի էլ հերքում. «Վատնումն իրենք այլ կերպ են հասկանում, եւ իրենց ձեւով էլ ներկայացնում են»։

Տիգրան Աթանեսյանը հայտնեց, որ Վլադիմիր Գասպարյանը վկայի կարգավիճակում ցուցմունք է տվել. «Մանրամասն ցուցմունք է տվել, իսկ մեղադրյալի կարգավիճակում ցուցմունք դեռ չի տվել»։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վլադիմիր Գասպարյանը 1997-2011թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները,

կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` տեղյակ լինելով ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 20440 զորամասի 3 զինծառայողների կողմից իրենց բուն գործառույթները չկատարելու եւ զորամաս չհաճախելու մասին,

որեւէ միջոց չի ձեռնարկել, արդյունքում նշված ժամանակահատվածում վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար:

Բացի այդ, 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ`

ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000, եւ 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետեւանքներ:

Բացի այդ, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության ծառայողին:

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1 եւ 2 կետերով (յուրացնելը կամ վատնելը), ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։

Գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն եւս 3 անձ. նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, Ոստիկանության ներքին աուդիտի վարչության նախկին պետ

Վարդան Թունյանը եւ ոստիկանության զորքերից մեկի զորամասի նախկին հրամանատար Գուրգեն Գրիգորյանը։

Գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանին։

Оцените статью
error: Content is protected !!