Սարսափելի դեպք՝Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ թողնված երկվորյակների մասին

ԼՈՒՐԵՐ

Անցյալ տարի Գյումրիում պոլիէթիլենային տոպրակի մեջ թողնված եւ այսօր արդեն մեկ տարեկան դարձած երկվորյակները կրկին Գյումրու «Երեխաների տանն» են:

«Հայկական ժամանակ» -ն է գրում և նշում, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) լրատվական ծառայության պատասխանատու Սոնա Մարտիրոսյանը  հայտնեց, որ ստիպված են եղել երեխաներին նորից հետ վերցնել, քանի որ նախարարությունում ահազանգ են ստացել, որ մայրը տանջում է նրանց:

«Երեխաները շատ քիչ մնացին կենսաբանական ընտանիքում, որովհետեւ հարեւաններից ունեցանք ահազանգեր, որ մայրը երեխաների նկատմամբ բռնություն է կիրառում եւ նրանք անուշադրության են մատնված»,- ասաց Մարտիրոսյանը:

Նախարարության սոցաշխատողները գնացել են մոր վարձակալած բնակարան, այնտեղ իրավիճակին ծանոթանալուց հետո եկել են այն եզրակացության, որ կենսաբանական ընտանիքում չգտնվելը երեխաների լավագույն շահից է բխում: «Մայրը ծնողվարական հմտություններից գրեթե ամբողջությամբ զուրկ է: Երեխաները կապրեն Գյումրու մանկան տանը»,- հայտնեց Սոնա Մարտիրոսյանը:

Վերջինս նաեւ ասաց, որ երկվորյակների մայրը վարձակալած տանը ապրում է մի տղամարդու հետ, որը փոքրիկների կենսաբանական հայրը չէ, սակայն հանդիսանում է վերջինիս ամուսինը: Նույն տանը բնակվում է նաեւ երեխաների տատիկը՝ մորական կողմից:

Ավելի վաղ ԱՍՀ այժմ արդեն նախկին նախարար Մանե Թանդիլյանը հայտնել էր , որ երկվորյակների մայրը ապրում է Երեւանում: Թանդիլյանը ասել էր, որ փոքրիկների մոր համար տարբեր հնարավորություններ են դիտարկում՝ Երեւան քաղաքում նրան բնակարանով ապահովելու համար: Նախարարության լրատվության պատասխանատուն այսօր նշեց, որ գերատեսչությունը չունի իրավասություն եւ հնարավորություն նման իրավիճակում որեւէ մեկին բնակարանով ապահովելու համար:

Оцените статью
error: Content is protected !!